s6.jpg
s11.jpg
s2.jpg
s8.jpg
s9.jpg
s5.jpg
s7.jpg
s1.jpg
s12.jpg
s10.jpg
s4.jpg
s3.jpg
Prev Next

Մեր մասին

Ծաղկաձոր քաղաքը գտնվում է Հայաստանի Հնարապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտրոնից 5 կմ հյուսիս-արևելք: Մայրաքաղաք Երևանից հեռավորությունը կազմում է 50 կմ, ծովի մակարդակից միջին բարձրությունը 1841 մ է, քաղաքի կարգավիճակ ստացել է 1984 թ.:  Քաղաքը իր հիմնական մասով փռված է Թեղենիս լեռան արևելյան լանջին, այն իր նշանակությամբ համարվում է հանրապետության զբոսաշրջության առաջատար կենտրոններից մեկը: Բնակչությունը կազմում է մոտ 1700 մարդ:

     Ծաղկաձորը որպես բնակավայր հայտնի է վաղնջական ժամանակներից: Ծաղկաձոր քաղաքի անվանումը կապված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվել է Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը հանդիսացել է արքունի Արշակունիների որսատեղի: 6-7 դարերում գավառը արդեն անցնում է Կամսարականների նշանավոր նախարարական տանը: 10-րդ դարում Կամսարականներին փոխարինում են Պահլավունիները: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033 թ. եկեղեցի է կառուցում Կեչառույքում այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ` հիմք դնելով հռչակավոր Կեչառիս վանական համալիրին: 1051 թ. նա կառուցում է երկրորդ եկեղեցին` Սբ. Նշանը: Ծաղկունյաց գավառը տնտեսական և մշակութային նոր վերելք սկսեց ապրել 13-14 դարերում` Զաքարյանների իշխանության ժամանակ: Ծաղկոցաձորին այդ դարերում տիրել են Խաղբակյան, այնուհետև Պռոշյան իշխանական տոհմերը: Վասակ Խաղբակյանը 1203-1214 թթ-ին Կեչառիսում կատարում է մեծ ծավալի վերանորոգումներ` Սբ. Նշան եկեղեցու կողքին կառուցելով Սբ. Կաթողիկեն: Վեցիկ ճարտարապետի ձեռքով կառուցված այս եկեղեցին իր հարդարանքներով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամնաշքեղն է: Այս շրջանում է կառուցվում նաև Սբ. Հարություն եկեղեցին:   
 
     17-րդ դարի հիշատակարաններում նշվում է, որ դեռևս կանգուն էին վանքի բոլոր եկեղեցիներն ու մատուռները: Կեչառիսի վանքը, 1828 թ-ի ավերիչ երկրաշարժից հետո, երբ փլվել էին բոլոր գմբեթները, 1830-ական թվականներին որոշ չափով մաքրվեց, բարեկարգվեց:

    Նախքան խորհրդային կարգեր հաստատելը Ծաղկաձորը վեր էր ածվել Երևանի նահանգի առողջարանային կենտրոնի, որտեղ իրենց ամառային հանգիստն էին անցկացնում նահանգի բաձրաստիճան պաշտոնյաները և այն միաժամանակ բնակեցվել էր ռուսներով, որը իրենից ներկայացնում էր մի մեծ բնակավայր:

     Խորհրդային տարիներին գործում էին շուրջ երեք տասնյակի հասնող պիոներական  ճամբարներ և հանգստյան տներ: 1967 թ. Քաղաքում կառուցվեց ԽՍՀՄ Գլխավոր Մարզաբազան, որը մեծ ճանաչում և հռչակ բերեց նրան: 1969 թ. Թեղենիսի լանջին կառուցվեց բազկաթոռային ճոպանուղին, որը դարձավ քաղաքի այցետոմսը` ձմեռային հանգիստը ավելի հրապուրիչ և մասայական դարձնելով:

     Հետխորհրդային տարիներին Ծաղկաձորը պահպանեց և զարգացրեց իր` առողջարանային կենտրոնի ավանդույթները: Բազմաթիվ շենքեր, որ կառուցվել էին Երևանի և Թիֆլիսի առևտրա-արդյունաբերական, բուրժուական բարձր խավի կողմից, որպես ամառանոցներ ազգայնացվեցին:

     Անկախության հռչակումից հետո քաղաքը ապրեց դժվարին օրեր, սակայն 2000 թ-ից, սկսվեց նրա նոր վերելքը և այն ստացավ նոր շուք և նկարագիր:

     Այսօր Ծաղկաձորը իրենից ներկայացնում է բարեկարգ հրապարակներով, փողոցներով, գիշերային շքեղ լուսավորությամբ, ժամանակակից հյուրանոցներով, հանգստյան տներով քաղաք և այն հրապուրիչ է ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը:

     Քաղաքի անբաժանելի մասն է կազմում ճոպանուղին, որի 5 կայանները կառուցվել են 2004-2007 թթ. ընթացքում` ավստրո-իտալական <<Լայտներ>> ընկերության կողմից: Այս 5 կայաններն էլ իրենց տեխնիկական հագեցվածությամբ և սպասարկման մակարդակով համապատասխանում են ներկայիս միջազգային չափանիշներին: Կառուցվել են նաև շուրջ 30 կմ երկարությամբ սահուղիներ: Այստեղ ձմռան ամիսներին իրենց հանգիստն են անցկացնում ինչպես հանրապետության բնակիչները, այնպես էլ արտերկրներից ժամանած ձմեռային մարզաձևերի հազարավոր սիրահարներ:  

        Քաղաքում գործում են բարձրորակ ծառայություն ապահովող ժամանակակից  հյուրանոցներ և հանգստյան տներ: Հյուրանոցներն այստեղ ցանկացած ճաշակի և կարգի են: Հյուրանոցներն ունեն միջազգային մակարդակի ընդունելություններ կազմակերպելու փորձ և տարվա բոլոր եղանակներին  պատրաստ են հյուրեր ընդունելուն: Դրանցից են` վերջերս շահագործման հանձնված <<Գոլդեն Փելիս Ռեզորթ Սպա Ջի Էլ>> 5-աստղանի հյուրանոցը, Ծաղկաձորի կենտրոնում գտնվող փոքր ու գեղեցիկ <<Յուպիտեր>> հյուրանոցը, որը հայտնի է իր հրաշալի խոհանոցով և հյուրընկալ անձնակազմով, <<Սպորտային համալիրը>>, որը  առաջարկում է նորացված և ժամանակակից ծառայությունների համակարգ: Եվ սա միայն Ծաղկաձորի շքեղ հյուրանոցների մի փոքր մասն է կազմում, քանի որ դրանց թիվը հասնում է մոտ չորս տասնյակի: Ծաղկաձորում գործում է նաև <<Ծաղկաձորի հյուրանոցների միություն>> հասարակական կազմակերպությունը, որը ճանաչվել է 2012 թվականի ՀՀ տարածքում գործող հյուրնոցների միություններից լավագույնը:    

     Ծաղկաձորի կրոնա-մշակութային օջախ է հանդիսանում Կեչառիսի վանական համալիրը, որը ամբողջությամբ վերանորոգվել է 2001 թ-ին: Այն ոչ միայն հանրապետության բնակչության, այլև հանրապետություն այցելած զբոսաշրջիկների սիրված վայրերից է: Այստեղ է գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանը:

     Քաղաքում է գտնվում հայ ժողովրդի տաղանդավոր զավակներ` Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: Նշանավոր այս գերդաստանի որդիները` Լևոնը, Ռուբենը և Հովսեփը մեծացել են Ծաղկաձորում գտնվող իրենց ամառանոցում, իսկ Լևոն Օրբելին ծնվել է հենց այստեղ: Այսօր այդ տունը վերածվել է տուն-թանգարանի, ուր փոխադրվել են նրանց գործունեության հետ կապված մեծ թվով ցուցանմուշներ Երևանից, Մոսկվայից և Սանկտ-Պետերբուրգից:

     Ծաղկաձորը  Հայաստանի ամենասիրելի և նրա սահմաններից դուրս ամենահայտնի հանգտյան գոտին է: Ծաղկաձորը եզակի է նրանով, որ  գրավում է զբոսաշրջիկներին ողջ տարին. ձմռանը`  իր լանջերի շլացուցիչ ճերմակությամբ, իսկ տարվա մնացած եղանակներին` գունագեղ և բուրմունավետ բնությամբ: Քաղաքի այս առանձնահատկությունը դարձնում է նրան գրավիչ, հրապուրիչ ու հիշարժան:

     2013 թ. Ծաղկաձորը արժանացավ <<Տարվա բոլոր եղանակներին լավագույն պայմաններ ապահովելու, տուրիզմի զարգացումը խթանելու>> հանրապետական մրցանակին:

     Այս քաղաքում հոգնելու միակ պատճառը տպավորությունների առատությունն ու հետաքրքիր հանգիստն է: Ծաղկաձորում, դուք միշտ կարող եք վայելել քաղաքացիների հյուրընկալությունը, որտեղ բոլորը ազատ հաղորդակցվում են հյուրերի հետ:

Գնահատել
(12 )

More in this category: « Gallery Bürgermeister »

Թողնել մեկնաբանութուն